«Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է, այլ կերպ չես կարող ասել». Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը՝ Նիկոլ Փաշինյանի սպանություն նախապատրաստելու վերաբերյալ, որն այժմ կարճվել է, ի սկզբանե շինծու է եղել:

«Այդ գործն ի սկզբանե հարուցվել և իրագործվել է մեկ նպատակով՝ իշխանությունը պահելու նպատակով:  Եթե հիշում եք, այդ ամենը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ փողոցում կային բազմաթիվ դժգոհող մարդիկ, և իշխանությունը մազից էր կախված, որպեսզի հեռացվի: Այդ ժամանակ իշխանությունները որոշեցին մի հնարքի դիմել, և այդ գործը սարքեցին, որպեսզի ինչ-որ կերպ հանդարտեցնեն մարդկանց: Հենց առաջին օրն եմ դատարանում հայտարարել, որ ձայնագրությունը մոնտաժված է, հավատացեք, եթե իրականության հետ համապատասխանող բան լիներ, այժմ ես ազատության մեջ չէի լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Ինչ վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելուն, ապա Նիկոլ Փաշինյանի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործը կարճվել, բայց Մինասյանն այժմ մեղադրվում է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, և Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ ևս տեղի ունեցողը  քաղաքական բնույթ ունի:

«Աշոտ Մինասյանի հետ կապված կա ինչ-որ զենքի հետ: Աշոտ Մինասյանն ապացուցել է, որ այդ զենքերը իրեն պատկանող տարածքում չեն հայտնաբերվել, և 1,5 տարի հետո նրան կալանավորեցին: Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվողը սա քաղաքական հետապնդում է, այլ կերպ չես կարող ասել»,- շեշտեց Ա. Վանեցյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս