ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։
«Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ։
«Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Մրցանակը շնորհվում է առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով:
«Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: