Բաժիններ՝

76-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորն ամբողջովին այրվել է. նոր մանրամասներ ողբերգական վթարից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին: Դրա հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել են վարորդի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենայում գտվող մահացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս