Զախարովան պատասխանել է Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի խորհրդականի մեկնաբանությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: Այս մասին հայտնում է ru.euronews.com-ը:

Զախարովան նշել է, որ մարդիկ, ովքեր այդպես են մտածում, չեն հարգում Ղազախստանի հանրապետության ինքնիշխանությունը և չեն գիտակցում այդ պետության անկախությունը։

«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»,- Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:

Միաժամանակ, դիվանագետը պարզաբանել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն:

Զախարովայի խոսքով՝ Ղազախստանի հետ կապված Ռուսաստանի գործողությունները հիմնված են Ղազախստանի ինքնիշխանության ըմբռնման վրա։

«Մեր երկիրը ելնում է նրանից, որ Ղազախստանն ինքնիշխան, անկախ պետություն է, նրան կարելի է օգնել, զարգացնել հարաբերությունները, աջակցել»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս