«Փորձում ենք Դատախազության ունեցած իրավական գործիքակազմն օգտագործել՝ բացահայտելու այն ակտիվները, որոնք երկրից դուրս են եկել». Կարեն Ամիրյան

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Ամիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ անդրադառնալ կոկրետ դեպքերի վերաբերյալ քրեական գործերին, որոնց պարագայում անձին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է, մինչդեռ դրա հիմքերը չեն եղել։ Այս համատեքստում նա չմեկնաբանեց Գորիսի համայնքապետ Առոշ Առուշանյանի կալանավորման որոշումը։

«Կխնդրեմ, որպեսզի առարկայական գործերի վերաբերյալ հարցադրումներ չհնչեցնեք, ինչո՞ւ, որովհետև առաջինը՝ դրանցով վերահսկողություն իրականացնող դատախազը ես չեմ։ Այս տեսանկյունից այս պահին որևէ գնահատական տալ հնարավոր չէ կոնկրետ գործի շրջանակներում հնչած հարցի վերաբերյալ։ Սակայն եթե ընդհանրական ասեմ՝ լինի այդ գործը, թե մեկ այլ գործ, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ դատախազությունը ձեռնարկում է իրեն օրենքով տրված բոլոր միջոցառումները և գործընթացները՝ օրինականության դաշտում, այդ թվում՝ կալանքի հետ կապված հարցերը իրացնելու համար»,- նշեց Կարեն Ամիրյանը։

Ըստ նրա, եթե որևէ մեկը համամիտ չէ Դատախազության հետ, ապա դա չի նշանակում, որ դատախազությունը գործում է ոչ իրավաչափ՝ հավելելով, որ կոնկրետ հարցերը պետք է ուղղել կոնկրետ դատախազի, որն ունակ է տվյալ գործի շրջանակներում պատասխանել այս կամ այն ծավալով։

Ինչ վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործին, Կարեն Ամիրյանը լրագրողներին հորդորեց ուսումնասիրել Դատախազության կայքում 3-4 օր առաջ հրապարակված տվյալները, որի վերաբերյալ կա կոնկրետ պարզաբանում։

Փարաքարում և Վարդենիսում ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ հնչեցրած հարցի առնչությամբ էլ  նա նշեց, որ այդ դեպքերի հետ կապված անձամբ տեղեկություններ չունի, քանի որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։

Կարեն Ամիրյանն անդրադարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը՝ նշելով, որ Դատախազությունն արդեն որոշակի տվյալներ հրապարակել է, նույնիսկ մի քանի դեպքերում հայցի ապահովման միջոցներ է կիրառվել։

«Կարծում եմ՝ շուտով դատական գործեր կսկսվեն։ Ինչ վերաբերում է  ՀՀ-ից դուրս գտնվող ակտիվներին, ապա ընդհանրական ասած՝ այդ խնդիրն իսկապես կա։ Այս պահին թվային տվյալներ չկան, որովհետև այդ դեպքում մենք արդեն կխոսենք կոնկրետ գործի շրջանակներում։ Ցանկացած հանցանքի հետ կապված, որն այս կամ այն կերպ վերաբերում է ակտիվներին, որոնք Հայաստանից դուրս են՝ միշտ ավելի բարդ գործընթաց է։ Մենք այստեղ փորձում ենք Դատախազության ունեցած իրավական գործիքակազմն օգտագործել, բացահայտելու այն ակտիվները, որոնք երկրից դուրս են եկել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս