«Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց». Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը համոզված են, որ
– գնում է կենց ու մահու կռիվ Արևմուտքի ու Ռուսաստանի, նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև և վերջում նրանցից մեկն ու մեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել պոտենցիալ հաղթողին ու նրա կողքը կանգնել,
– ներքաղաքական կյանքում ընդդիմությունը պետք է միշտ հակադրվի իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը, հակառակ դեպքում կամ ընդդիմությունն է ծախվել իշխանությանը, կամ իշխանությունն է թույլ,
-գերտերությունները կամ մեզ թշնամի են ու Հայաստանի դեմ դավադրություններ են կազմակերպում, կամ մեր բարեկամներն ու դա ցեմենտ-բետոն մոտեցում է ու անփոփոխ է:
Այս մոլորությունները կարելի է երկար շարունակել:
Նախ, Ռուսաստանն, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, բազմաքայլ ու բազմաբովանդակ, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա, որովհետև դա անհնարին է, նաև շատ վտանգավոր անգամ հաղթողի համար:
Ընթանում է նոր աշխարհակարգի ապագա սկզբունքների համար գործընթաց, որի ընթացքում միմյանց ճնշում են, զսպող մեխանիզմներ են ստեղծում, նաև միմյանց նոր հնարավորություններ են ցույց տալիս՝ փոխշահավետ: Դա պրոցես է:
Ինչ վերաբերվում է ներքաղաքական կյանքին, ապա սխալ պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին, սխալ հետևությունների պատճառ է դառնում: Յուրաքանչյուրն դրսից հովանավոր է որոնում: Եթե գործող իշխանությունը Ռուսաստանի հետ է գործում, օրինակ Ղազախստանի պահով, ապա պետք է դրան ընդդիմանալ, անկախ նրանից, թե դա մեր ազգային շահի տրամաբանության մեջ է, թե ոչ, ու արդյունքում ընկնում են դեստրուկցիայի մեջ, որի հետևանքը հիմար վիճակն է՝ անհեռանկար քաղաքական ապագա:
Գործող իշխանությանն էլ ձեռնտու է հակառուսական ընդդիմությունը, որովհետև դրանով իրենց իշխանությունն է ամրապնդվում, բա … Ամերիկան: Ամերիկան Հայաստանում խնդիրներ չունի, նա իր խնդիրները լուծում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ, իսկ ինչ պետք է իրեն, ստանում է Հայստանիիշխանությունից՝ ով էլ լինի Հայաստանում այդպիսին:
Մենք չունենք մեզ թշնամի գերտերություն, որովհետև թշնամի լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց: Այ աստեղ արդեն ամեն ինչ մեզանից է կախված, եթե մեզ ճիշտ ենք պահում, կարող ենք 10-ոց լինել ու լինել խաղի կրտսեր անդամ, ու ունենալ պահանջներ: Կա նաև 6-ոց լինելու տարբերակը»։