Դանիայի ռազմական հետախուզության ղեկավարին մեղադրել են գաղտնի տվյալների արտահոսի մեջ
Դանիայի ռազմական հետախուզության ղեկավար Լարս Ֆինդսենին կալանքի տակ են վերցրել գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Պաշտպանութան նախարարության հետախուզական ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը դեկտեմբերի 9-ից գաղտնիության պայմաններում կալանքի տակ է գտնվում գաղտնի եւ խիստ գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով, որը կարող է վնաս հասցնել Դանիայի անվտանգությանը կամ օտարերկրյա տերությունների հետ նրա հարաբերություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆինդսենին պաշտոնից հեռացրել են 2020 թվականի օգոստոսին: Նրա ու եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ստուգում են անցկացրել իրազեկիչներից ստացված տվյալների հիման վրա, որոնք պատմել են, որ ռազմական հետախուզությունը գործունեություն է իրականացրել, որը խախտում է Դանիայի օրենսդրությունը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Դանիայի զինվորականները ձեռնամուխ են եղել առաջին էլեկտրաինքնաթիռների փորձարկումներին: