Շոյգու․ Ղարաբաղի փորձը օգտակար էր Ղազախստանում ռուսական զորախումբը տեղակայելիս
«ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո», – այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ ընդգծելով, որ վերջնական որոշումը կայացնելու են Ղազախստանի իշխանությունները, տեղեկացնում է Ազատությունը։
«Ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են կարևորագույն ռազմական, պետական և սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը», – հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Նշելով, որ ՀԱՊԿ զորախումբը Ղազախստան է տեղափոխվել ընդամենը երեք օրում, Շոյգուն ընդգծել է․ – «Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների համադրված և օպերատիվ գործողությունների շնորհիվ։ Դրան էլ, իր հերթին, հնարավոր եղավ հասնել ինչպես համատեղ զորավարժությունների, այնպես էլ այն փորձի շնորհիվ, որ ձեռք է բերվել Սիրիայում ռուսական զորքի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում»։