«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած օրենքը որևէ պատժիչ գործառույթ չի ենթադրում». Սուրեն Սարգսյան
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ նախօրեին ստորագրած Ազգային պաշտպանության մասին օրենքը ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն` Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կհետևեմ, որ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն հանցագործությունների փաստագրման ժամանակ:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:
168.am-ի հետ զրույցում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այդ օրենքի մեջ շատ ավելի կարևոր նախաձեռնություն կար, որը չընդունվեց:
«Խոսքը 907-րդ բանաձևին էր վերաբերում, ու, ցավոք, այդ բանաձև վերականգնելու դրույթը չանցավ: Սա ընդամենը Պետդեպարտամենտին և Պենտագոնին կոչ է անում, որպեսզի զեկույց պատրաստեն Արցախյան պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Այն որևէ պատժիչ գործառույթ չի նախատեսում: Հայկական կողմն այդ օրենքը կարող է օգտագործել միայն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում քարոզչական նպատակներով, եթե ունենան թուրքերին և ադրբեջանցիներին հակակշռելու ցանկություն»,- ասաց միջազգայնագետը:
Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքով արգելում է Ադրբեջանին ընդհանրապես որևէ տեսակի օգնություն տրամադրել:
«Բանաձևն ընդունվել է 1991թ. թվականին, սակայն 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո Կոնգրեսը թույլ է տվել, որ նախագահն ամեն տարի, այդ բանաձևը շրջանցելով, Ադրբեջանին օգնություն տրամադրի: Հայկական լոբբին ցանկանում է հասնել այն բանին, որ այդ շրջանցող դրույթը վերացվի, ու Ադրբեջանն այլևս օգնություն չստանա»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը: