«Ահավոր էր գիտակցել, որ պետական կառավարման համակարգից պետք է աստիճանաբար հանել Արցախ բառը, մոռանալ Արցախն ու արցախցուն». Անի Բաբայան

168.am-ն օրերս անդրադարձել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչության գլխավոր մասնագետ Անի Բաբայանի ահազանգին. վարչությունում հրաժարվել էին վերափորձաքննել Արցախի Հանրապետության 9 ամսական երեխային: Խնդրի մասին ահազանգից հետո Անի Բաբայանի նկատմամբ սկսվել էր ծառայողական քննություն, որն ավարտվել էր որոշմամբ՝ կիրառել «ծառայության դադարեցում կարգապահական տույժը»:

Նախարարության գլխավոր մասնագետը որոշել է դատարանում վիճարկել որոշումը, իսկ մինչ այդ՝ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել.«Ահա և վերջ…

2 ամիս մղած պայքարիս որոշ փուլեր ավարտվեցին։

Ահավոր էր գիտակցել, որ պետական կառավարման համակարգից պետք է աստիճանաբար հանել Արցախ բառը, մոռանալ Արցախն ու արցախցուն, խախտել նրանց իրավունքները, չխնայելով նույնիսկ փոքրիկին։ Պարզապես, այդ ամենը պետք է արվեր անաղմուկ, իսկ ես` դա չէի կարող թույլ տալ, որովհետև ես ՀԱՅ եմ։

Առաջին իսկ օրվանից աշխատանքից հեռացումով սպառնալով, սիրաշահելով, ծանոթ, մտերիմ միջնորդներ ուղարկելով, ճնշումներ գործադրելով իմ հանդեպ` միևնույն է, ես անդրդվելի էի, իհարկե հաջողության հասնելու շանսերս գնահատելով 0,01%։

Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ պայքարս տվեց որոշ դրական արդյունք և համագործակցությունն Արցախի հետ շարունակվելու է, այն էլ` հենց վաղը, ճիշտ է, մի փոքր այլ ձևաչափով, բայց կարևորը` արցախցիներն այս պահին մենակ չեն։
Անդրդվելի էին նաև իրենք և …

Թեպետ, կենսագրությանս և իմ ողջ աշխատանքային գործունեության մեջ գրանցել եմ միայն հաջողություններ, միևնույն է, անկախ ելքից` սա համարելու եմ իմ անցած կարևորագույն ուղիներից մեկը, խոչընդոտներով լի ուղի` որն անցա վստահ, հպարտ, արժանապատիվ, աննկուն, ուղի, որը դեռ շարունակվելու է։

Իսկ այս պահին, այս փուլի համար ազդարարենք վերջ։

Յուրաքանչյուր վերջ, ինչ որ մի նոր բանի սկիզբն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031