Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության

ՆԱՏՕ-ն համակարգված կերպով չի կատարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի սկիզբը նշանավորած 2002 թվականին Հռոմի հռչակագրի ստորագրումից հետո իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության։ Սա ստիպում է Ռուսաստանին կոշտորեն բարձրացնել սեփական անվտանգության երաշխիքների հարցը, գրում է kommersant.ru-ն։

«Դաշինքի ռազմական շինարարությունն ամբողջությամբ կենտրոնացած է Ռուսաստանի հետ լայնածավալ բարձր ինտենսիվության զինված հակամարտության նախապատրաստման վրա»,- ասել է Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցում։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի 2019 թվականի ռազմական ռազմավարության մեջ Ռուսաստանն ուղղակիորեն «մատնանշվում է որպես կոալիցիոն անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուր»։

«Չնայած Եվրոպայում հակահրթիռային ծածկույթի համատեղ ապահովման վերաբերյալ դաշինքին մեր ուղարկած առաջարկներին, Միացյալ Նահանգները սկսեց տեղակայել հակահրթիռային պաշտպանության համալիրներ Լեհաստանում և Ռումինիայում։ Դաշինքը հրաժարվել է իրավական պարտադիր երաշխիքներ տալ, որ այդ համալիրներն ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ»,- ասել է փոխնախարարը։

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:

«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս