Առուշ Առուշանյանը կմնա անազատության մեջ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, երեկ՝ դեկտեմբերի 27-ին, քննվեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Պաշտպանները, որպես գրավի չափ, սահմանել են 30 մլն ՀՀ դրամը։

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ կալանավորված: Դատարանը մերժեց Առուշ Առուշանյանի պաշտպանական թիմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել էր Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են՝ որպես քաղաքական հետապնդում:

Տեսանյութեր

Լրահոս