«Եթե ձևակերպվի ՀՀ-ին, ԱՀ-ին ձեռնտու խաղաղության մոդել, բանակցային սեղանը քիչ կլինի հակադրության դաշտ»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին, թե որքա՞ն կարժենա Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շինարարությունը՝ հայկական հատվածում, քանի որ կան տարբեր գնահատականներ՝ 200-ից մինչև 700 միլիոն դոլար, և եթե Հայաստանի համար վերաբացվի երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանի տարածքով, արդյո՞ք երաշխավորված կլինի բեռնափոխադրումների անվտանգությունը։

«Եթե բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովված չլինի՝ բեռնափոխադրումներ տեղի չեն ունենա։ Եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն՝ ադրբեջանական բեռներն էլ հայկական տարածքով չեն անցնի։ Բայց, բնականաբար, երբ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ենք ունենում, և դա տրամաբանական է։ Պատկերացրեք, թե ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք, և դա չօգտագործվի։ Այդտեղ հարց կառաջանա․ բա այդքան ներդրումներն ինչո՞ւ արվեցին։ Ինչ վերաբերում է գնահատականներին, ես 700 միլիոնը չէի լսել, 200 միլիոն դոլար գնահատականը կա, բայց դա ավելի կկոնկրետանա նախագծերի և նախահաշիվների պատրաստ լինելու պարագայում։ Այդ բոլոր թվերը շատ մոտավոր են, իրական գնահատականը կարող է լինել․ չեմ բացառում ոչ նվազման, ոչ աճման մասով։ Բայց դա՝ արդեն նախագիծ-նախահաշիվ լինելու դեպքում, ինչը արդեն պատրաստվում ենք պատվիրել։ Դրանից հետո պարզ կդառնա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, նա ասաց․ «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ խաղաղության պայմանագրի կնքմանը և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով, իհարկե, շահագրգռված ենք, և վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որոնց կետերից մեկն էլ խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր։ Եվ մենք դրանով, այո՛, շահագրգռված ենք։ Չենք հրաժարվել և չենք հրաժարվելու խոսել այդ թեմայով։ Եթե հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար՝ անտրամաբանական կլինի, որ ասենք՝ գիտեք ինչ, խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է։ Համապարփակ լուծումը և համապարփակ խաղաղության պայմանագիրը և մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու։ Մեծ հաշվով, բոլոր բանակցությունները, ամեն ինչի մասին, որ խոսում են, ինչի՞ մասին ենք խոսում․ խաղաղության պայմանագրի նաև հնարավոր դրույթների, բովանդակության մասին ենք խոսում։ Ընդգծեմ, որ քարոզչական քաոսի պատճառով նաև անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված՝ դեմք ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։

Դեռ 2021թ․ մայիսին, ընտրություններից առաջ, նույնիսկ փաստաթուղթ էր հրապարակվել, ես հայտարարել էի, որ պատրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել։ Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք։ Իհարկե, դեմ չենք, իհարկե, կողմ ենք, շահագրգռված ենք։ Դեռ անցած տարվա նոյեմբերից հայտարարել եմ, որ՝ այո, մենք ուզում ենք կոմունիկացիաների բացում և բոլոր ուղղություններով գնալու ենք առաջ։

Պարզ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը առավել արտահայտված լինեն, Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն։ Բայց, իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու և նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի։ Տեսեք, Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային, բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, և հույս ունեմ, որ դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել»։

Տեսանյութեր

Լրահոս