Թուրքիայի կառավարության որոշմամբ կալանք է դրվել 770 մարդու ունեցվածքի վրա
Թուրքիայի կառավարությունը ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով սառեցրել է ընդհանուր 770 մարդու և ԱՄՆ-ում հիմնված 1 հիմնադրամի ակտիվները: Ներքին գործերի ու ֆինանսների նախարարներ Սուլեյման Սոյլուի և Նուրեդդին Նեբաթիի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակման մեջ նշվել է, որ ամերիկայում հիմնված «Niagara Foundation-ի ակտիվները սառեցվել են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի պատճառով, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Նշվում է, որ Գյուլենի հետ կապերի պատճառով սառեցվել է ավելի քան 400 մարդու ակտիվները:
200-ից ավել ունեցվածքի վրա էլ կալանք է դրվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու Թուրքիայի կողմից ՔԲԿ-ի հետ կապվող սիրիայի քրդական միավորումների հետ կապ ունենալու համար:
Ցուցակում տեղ են գտել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր 2016 թվականից թուրքականան բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը՝ Նուրեթթին Դեմիրթաշը, Թուրքիայում հետախուզվող դատավոր Զեքերյա Օզը, 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներից համարվող Ադիլ Օքսուզը, տարիներ առաջ իշխանությունների կողմից փակված գյուլենականների «Զաման» թերթի լրագրողներ և այլոք: