«Սա աննորմալ երևույթ է՝ սրանով մենք ուղիղ խաղադրույք ենք կատարում մեր երեխաների ու ընտանիքների վրա». Վահե Հովհաննիսյան

«Ըստ իս, այսօր հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքներն ու այլանդակությունները»,- այսպես բնորոշեց ներկա իրավիճակը «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն այսօր  «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած  «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկման ընթացքում, ապա շարունակելով միտքը՝ ասաց.

«Այլանդակություններն ունենում են ավտոնոմ կյանքի իրավունք։ Կարծում եմ՝ կարիք չկա նկարագրելու հեղափոխության հետևանքները, իսկ հեղափոխության այլանդակությունները գնալով դառնալու են ավելի հետաքրքիր, ավելի այլանդակ այլանդակություններ»:

Ըստ Վահե Հովհաննիսյանի, այսօր Հայաստանին բոլորը խրախուսում են գնալ զիջումների, բոլորը՝ հարևաններ, դաշնակիցներ, թշնամիներ, հակառակորդներ։ Ֆիքսել են, որ Հայաստանն ունի անհատակ պատրաստակամություն՝ գնալ զիջումների։

«Դուք կտեսնեք խրախուսման բոլոր ժանրերը՝ հյուրեր, մրցանակներ, Հայաստանին ու ՀՀ իշխանությանն ուղղված գովեստի խոսքեր։ Եվ, ի վերջո, ի՞նչ հեռանկար է մեզ սպասվում։ Առաջին երկու հետևանքները, որը ես նշեցի, եթե դրանք չեն փոխվում, ապա մենք ունենում ենք շատ տխուր հեռանկար, որ, պատկերավոր ասած՝ Երևան-Իգդիր մայրուղու թուրքական հետաքրքրություններ սպասարկող միավոր ենք դառնալու։ Այդ մայրուղին կբացվի, ու մենք կֆիքսենք մեր ֆունկցիոնալ նշանակությունը 21-րդ դարում։ Խնդիրների հիմքում այն է, որ Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Իսկապես ժողովուրդներն ունենում են պատերազմներ և տարբեր ելքերով պատերազմներ, և կարևորագույն խնդիրը հետպատերազմյան փուլ մտնելն է»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա, պատերազմից հետո իշխանությունը չփոխվեց, և հայությունը շարունակում է ներկայանալ պարտության դեմքով, ինչն ուղիղ ուղերձ էր աշխարհին։ Չփոխվեց նաև ներքին օրակարգը՝ ամեն ինչ նույնն է՝ ամեն ինչում մեղադրել նախկիններին, չընդունել որևէ առողջ տեսակետ և առհասարակ չունենալ որևէ օրակարգ։

«Այսօր բոլորը գիտեն՝ ինչ են ուզում ռուսները, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, ԵՄ-ն Միացյալ Նահանգները, բոլորը մեզ հետ կապված գիտեն, թե ինչ են ուզում, սա աննորմալ երևույթ է, և սրանով մենք ուղիղ խաղադրույք ենք կատարում մեր երեխաների ու ընտանիքների վրա։ Չիմանալ՝ դու ինչ ես ուզում, երբ շուրջ բոլորը գիտեն՝ ինչ են ուզում, և սպասել հերթական հանդիպմանն ու կոպիտ սխալին՝ իսկապես սա վատ խաղադրույք է»,- շեշտեց Վ. Հովհաննիսյանը։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ ի՞նչ անել, և ըստ Վահե Հովհաննիսյանի՝ դեգրադացվող իշխանության պայմաններում իշխանական համակարգը չի կարող լինել ստատիկ, և սա այն ծուղակն է, որն այսօր ունի Հայաստանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս