Արտագաղթը արդեն երեսուն տարի արնաքամ է անում Հայաստանը. Զարեհ Սինանյան

Այսօր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հրավիրել էր առցանց ասուլիս՝ ամփոփելու տարին: Հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել էին՝ Հայաստանի և սփյուռքի լրատվամիջոցները կարող են ուղարկել իրենց հարցերը [email protected] էլ. հասցեին կամ գրասենյակի ֆեյսբուքյանէջին. յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը 2 հարց:

168.am-ը մասնավորապես ճշտել էր, թե երբ առաջ կբերվի հայրենադարձության հրաշքը, որի մասին 2019 թվականից խոսում էր հանձնակատարը, ապա այդ համատեքստում անդրադառնալով հակառակ պրոցեսին՝ արտագաղթին՝ հետաքրքրվել՝ արդյո՞ք մտահոգիչ չե՞ն արտագաղթի մասին փորձագիտական, հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ահազանգերը:

Նկատենք՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիների համար «աննախադեպ» ցուցանիշ ենք գրանցել. միայն այս տարվա 9-ը ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար. Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին:

Մեր հաջորդ հարցով էլ ցանկացել էինք պարզել, թե կոնկրետ ինչպե՞ս է բարձրացել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կառավարման արդյունավետությանը, քանի որ երբ լուծարվում էր Սփյուռքի նախարարությունը և դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվում էր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը, գործադիրից նշում էին, թե դա պայմանավորված է կառավարման արդյունավետության բարձրացմամբ:

Ասուլիսին հնչեցվեց նաև մեր հարցերը, բայց առաջին հարցը, զարմանալիորեն, մասամբ միայն. այն ունեցավ այս տեսքը՝ «արդյո՞ք մտահոգիչ չեն արտագաղթի մասին փորձագիտական, հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ահազանգերը»:

Ստացվում է՝ կամ Զարեհ Սինանյանն ինքը չէր ուզել նորից խոսել հրաշքների մասին, կամ՝ հարցեր ընթերցողն էր որոշել «խնայել» գլխավոր հանձնակատարին:

Հարցին անդրադառնալով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը պատասխանեց, որ արտագաղթին վերաբերող ահազանգեր, թվերի վրա հիմնված փաստեր չի տեսել, որպեսզի կարողանա հասկանալ մասշտաբները, բայց որպես հայ մարդ՝ հայրենիքը լքելու փաստի հետ չի կարող հաշվտվել:

«Արտագաղթը արդեն երեսուն տարի արնաքամ է անում Հայաստանը,- հավելեց Զարեհ Սինանյանը՝ նկատելով, որ դա շարունակական պրոբլեմ է,- Պատերազմը կարծես նորից մարդկանց մոտ հոգեբանական խնդիր է առաջացրել, և մենք լսում ենք դրա մասին:

Իհարկե, անհանգստացնում է. ինչպես կարող է չանհանգստացնել մի մարդու, որը հայրենադարձվել է այլ երկրից և հակառակ ուղղությամբ է փորձում շարժվել գետի հոսքին հակառակ: Միևնույն ժամանակ չեմ մեղադրում մարդկանց. մարդիկ տարբեր պատճառներով են արտագաղթում: Ես կարծում եմ, որ, ի վերջո, հայ մարդը պետք է ապրի Հայաստանում: Հայաստանը շատ խնդիրներ ունեցող երկիր է, բայց մեզ համար մեր խնդիրնեը ոչ ոք չի լուծելու»:

Անդրադառնալով երկրորդ հարցին, որով հետաքրքրվել էինք, թե արդյունավետության ինչ արդյունքներ է արձանագրել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ մինչև 2018 թվականը Սփյուռքի նախարարությունում կար 90-ից ավել աշխատակից, իսկ այսօր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակում մոտ 37 աշխատակից կա:

«Հետևաբար, այսօր պետական բյուջեն կրում է փոքր մասը այն ծախսի, որը կրում էր նախարարության օրոք, բայց արի ու տես, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումից հետո մենք իրագործել ենք մի շարք ծրագրեր, որոնց մասին ես խոսեցի, և սրանցից միակ ծրագիրը, որը մենք ժառանգել ենք Սփյուռքի նախարարությունից, «Արի տուն»ծրագիրն է:

Իհարկե, ի նշան արդարության նշեմ, որ Սփյուռքի նախարարությունը նաև զբաղվում էր Սփյուռքիմշակութային և կրթական հարցերով, որով մենք չենք զբաղվում(դա գործառույթ է, որը մեր իրավասության տակ չէ)»,- հավելեց Զարեհ Սինանյանը:

Տեսանյութեր

Լրահոս