«Այս ամենը պարզապես բարբարոսություն է». Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանի համար զարմանալի չէր այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում։ Իշխող թիմի ավագանին անվստահություն հայտնեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու նոր քաղաքապետ ընտրեց, իսկ հետո էլ հայտարարեց, թե երևանցիները նոր քաղաքապետ ունեն, մինչդեռ երևանցիները քաղաքապետ չեն ընտրել։

«Այս ամենը պարզապես բարբարոսություն է, ուղղակի բարբարոսություն է սահմանադրական իմաստով։ Որպեսզի նոր քաղաքապետ ընտրեին, պետք է ընտրեին նոր ավագանի, բնական ճանապարհը սա էր։ Այն ձևով, ինչպես ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, իրենց սովորական քայլերից մեկն էր, դրա վրա առանձնապես ես չեմ զարմանում։ Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, իրենց քայլերի վրա այլևս չեմ զարմանում և վաղուց չեմ զարմանում, որովհետև ինչ ուզեն, ինչպես ուզեն՝ անում են։ Իսկ այդ ամենին ժողովուրդը հանգիստ կանգնում ու նայում է։ Խնդիրը բոլորովին այն չէ՝ Հայկոն լա՞վ քաղաքապետ էր, թե՞ վատ։ Ի դեպ, ասեմ, որ վերջին շրջանում նա լավ էր աշխատում և՛ տրանսպորտի, և՛ աղբահանության, քաղաքի մաքրության իմաստով։ Ինչևէ, ուղղակի իր ճակատին մեկ խարան մնաց՝ իր հայտնի «սևերի» ու «սպիտակների» պատմությունը, թե չէ մարդը քաղաքապետ էր ու աշխատում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա բնորոշմամբ, երբ որևէ ուժ կամ կուսակցություն սկսում է ինքն իրեն ներսից «ուտել», «սեփական դեմքերին ուտել, որոնք ժամանակին իրենց ձայն են բերել, սա նշանակում է, որ ինչ-որ բանի վերջն է»։

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի ելույթին հաջորդած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը և նրա՝ նախկինում արած գրառումներին՝ իր և Հայկ Մարությանի ընկերության մասին, Մ. Տեր-Գուլանյանը նկատեց՝ արժեքը չկար, ուստի ոչինչ չի արժեզրկվում, ի սկզբանե արժեզրկված էր։

«Եթե գնահատվեր արժեհամակարգը, ապա արժեզրկումն այսօրինակ չէր լինի, արժեք ընկալող չկա։ Իշխանությունն իրենց համար անձնական խնդիրներ լուծելու համար է, սա իրենց անձնական օգտագործման քաղաքն է, անձնական օգտագործման պաշտոններ են, ումից ուզեն՝ կվերցնեն, ում ուզեն՝ կտան։ Արժեք հասկացողությունը համամարդկային բան է, որի հասկացողությունն իրենք չունեն, ուստի արժեքից խոսել իմաստ չունի»,- շեշտեց նա։

Անդրադառնալով 2018 թվականից հետո՝ վերջին 3,5 տարում ՀՀ–ում տիրող ընդհանուր իրավիճակին, Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ երբևէ ՀՀ-ում՝ 1920 թվականից սկսած, նմանօրինակ անօրինություն չի եղել։

«Այս անօրինության մեջ ամեն ինչ կա՝ կոռուպցիա, անարդարություն։ Հայկ Մարությանն էլ ասաց, թե ինչպես էին իշխանությունները հեռախոսահարում, թե այսինչին այսինչ պաշտոնը տուր և այլն, ճիշտ է շատ չմանրամասնեց, բայց անլուրջ պատկերը ցույց տվեց, այդ իմաստով ես իր համար շատ տխրեցի։ Պետք չէր այդպես, պատկերացնում եմ, թե վերջին 2 տարիների ընթացքում այդ տղայի հոգին որքան է ցավել»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Իսկ ինչ վերաբերում է թշամու զորքերի ներխուժմանը Հայաստանի տարածք, Մ. Տեր-Գուլանյանն ասաց, որ սա այլ՝ թրքասեր հայենավարության խնդիր է..․

Տեսանյութեր

Լրահոս