Արմեն Սարգսյանը հարգանքով է վերաբերվում նախագահական ինստիտուտին, հանրապետության նախորդ նախագահներին

Դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակեց ՀՀ Նախագահի ինստիտուտի մասին՝ մասնավորապես նկատելով. «Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում՝ համագործակցության պայմաններում»:

168.am-ը նախագահ Սերժ Սարգսյանի այս գնահատականների համատեքստում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ հարցերին՝ արդյոք վերջին երեք ու կես տարիների ընթացքում՝ որպես «պետության գլուխ», որպես «Սահմանադրության պահապան», ներքաղաքական բարդ իրավիճակներում կարողացե՞լ է իրականացնել իր լիազորությունները՝ շարունակելով մնալ «անաչառ», և համամիտ չէ՞ արդյոք ՀՀ երրորդ նախագահի գնահատականների հետ, որ «Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում՝ համագործակցության պայմաններում»:

Խնդրել էինք նաև մեկ–երկու օրինակով (եթե այդպիսիք կան) հակադարձել ՀՀ երրորդ նախագահին։

Ի պատասխան՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես հայտնել էին.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքով է վերաբերվում ինչպես նախագահական ինստիտուտին, այնպես էլ հանրապետության նախորդ նախագահներին:

Միաժամանակ, Հանրապետության նախագահը համարում է, որ, անկախ անձերից, հասարակության մեջ ընդհանրապես պետք է հարգանք լինի պետության և պետական ինստիտուտների հանդեպ:

Հանրապետության նախագահը գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում՝ առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով, իսկ գործունեության գնահատականը կտա ժամանակը»:

Ըստ էության, Նախագահը խուսափել էր իրեն ուղղված մեր հարցադրումներին կոնկրետ պատասխաններ հնչեցնելուց: Մեր խնդրանքը՝  մեկ–երկու օրինակներ մատնանշելով (եթե այդպիսիք կան) հակադարձել ՀՀ երրորդ նախագահին՝ մնացել է անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս