Այստեղից տեղ չենք շարժվելու, քանի դեռ մեր ավագանին մուտք չի գործել համայնքապետարանի շենք. Մանե Թանդիլյան

Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո սկսված լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր վաղ առավոտից համայնքապետարանի դիմաց հավաքված էին ոստիկաններն ու համայնքի բնակիչները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ այսօր Փարաքարում պետք է կայանար համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն այն ձախողվել է, քանի որ երկու թեկնածու  հայտարարել էր, որ ընտրվել է համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Հիշեցնենք՝  Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27,54 տոկոս ձայնով և «Դավիթ Մինասյան» դաշինքը՝  23,51 տոկոս ձայնով:
Համայնքապետարանի առջև էին նաև  «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Նրանք ոստիկաններին խնդրեցին թույլ տալ, որպեսզի Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաև ավագանու անդամ է. ոստիկանական ուժերն անդրդվելի էին:

«Փորձում են իրենց վերադասին զեկուցել ստեղծված իրավիճակը, քանի որ որևիցե օրինական հիմք չկա:  Իրենց ներկայացնելով՝ կա դատական վեճ. դատական վեճը վերաբերում է ընտրություններին, որը որևիցե ձևով չի կարող սահմանափակել մուտքը»,- լրագրողների հետ զրույցում իրենց տեսակետը հիմնավորեց Մեսրոպ Առաքելյանը:

Ավելի ուշ, ի նշան բողոքի՝ Փարաքար համայնքի բնակիչները փակեցին դեպի Զվարթնոց տանող ճանապարհը: Բայց  ոստիկանները բացեցին ուժի գործադրմամբ. բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

«Շարունակում ենք համբերատար սպասել, որ ոստիկանությունն ազատի համայնքապետարանի շենքի մուտքը, և ավագանին ու Վոլոդյա Գրիգորյանն անցնեն իրենց պարտականություններին: Այստեղից տեղ չենք շարժվելու, քանի դեռ մեր ավագանին մուտք չի գործել համայնքապետարանի շենք»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս