Տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար. Թե ի՞նչ գնով գազի գինը կմնա անփոփոխ
Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մանրամասնելով․
«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»:
Փոխվարչապետի այս հայտարարությունը, պարզվում է, ազդարարում է գազի գնի շուրջ երկարատև բանակցությունների ավարտի մասին:
Ավարտն այսօր արձանագրվեց գործադիրի որոշմամբ. կառավարության նիստի օրակարգում, ի թիվս չզեկուցվող հարցերի՝ հավանության արժանացավ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Հիմնավորմամբ մասնավորապես նշվում է, որ ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով` նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։
Կառավարությունից պարզաբանում են այս որոշման պատճառները՝ նկատելով, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։
«Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։
Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար 7900 կկալ/խորանարդ մետր»,- հիմնավորում են գործադիրից՝ տեղեկացնելով նաև, որ արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում:
Պարզ ասած՝ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը չի թանկացնի, սակայն Հայաստանը ստիպված կլինի տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար վճարել «Գազպրոմ Արմենիային»։