Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի պայմանների ապահովումը: