«22 տարի է` աշխատում եմ՝ պահելով օրենքի տառը, որևէ մտավախություն չունեմ». Ուրցաձորի համայնքապետ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ-ի տարբեր համայնքներում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ ընտրություններից հետո, ձերբակալություններ ու ճնշումներ սկսվեցին ընդդիմադիր այն թեկնածուների նկատմամբ, որոնք հաղթահարել էին անցողիկ շեմը։ Այդ ընտրություններից հետո ձերբակալվել է ընտրությունների արդյունքում իշխանական թեկնածուին հաղթած, Վանաձորի վերընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Մամիկոն  Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։

Ճնշումներ սկսվեցին նաև Վարդենիսում, որտեղ կրկին ՔՊ-ն չէր հաղթել, Արարատում։

168.amի հետ զրույցում Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, ով դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո կրկին վերընտրվել է, ասաց, որ իշխանական թևի ներկայացուցիչները մանդատից հրաժարվել են։

«Հիմա դրանից հետո իշխանությունը որևէ գործընթաց չի սկսել, բայց կարծում եմ՝ իշխանությունն ինչ-որ գործընթաց կսկսի, իշխանությունը հաստատ ինչ-որ բան մտածել է։ Իշխանությունը հենց ընտրության օրերին Վերահսկողության ծառայությունից մարդիկ էր ուղարկել Ուրցաձոր, համայնքապետարանում ստուգումներ արեցին, մի հատ էլ ակտ էին գրել անհասկանալի ձևով։ Իշխանությունն այդ ծրագիրն իրականացնում է ամբողջ հանրապետությունով մեկ։ Ես, 22 տարի է` աշխատում եմ՝ պահելով օրենքի տառը, որևէ մտավախություն չունեմ։ Թե իշխանության սկսած այս ծրագիրն ինչ շարունակություն կունենա՝ կերևա հետագայում»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս