Չեմ ուզում մասնակից դառնալ ձեր կրկեսին. պարոն Մարության, Դուք սև՞ եք, թե՞ սպիտակ. Թեհմինա Վարդանյան

«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք հրավիրել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր «Կարգին Հայկին», ի՞նչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա դուրս է եկել ձեր կուսակցությունից»,- այսօր Երևանի ավագանու նիստում ասաց Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

«Ի՞նչ է պատահել, ժողովուրդ. Այստեղ երեք կետ կա. կամ դուք չափազանց դանդաղ եք աշխատել այս երեք տարվա ընթացքում, այդ թվում՝ ձեր քաղաքապետը, կամ դուք բոլորդ տառապում եք Դանինգ Կրյուգերի սինդրոմով:Եթե որևէ մեկը չգիտի, թող մտնի «Վիկիպեդիա» կարդա, որովհետև դա շատերիդ փառահեղ բնութագրումն է: Եվ երրորդը՝ ձեր ջրերը մի առվով չեն հոսում: Ես չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին»,- հավելեց Թեհմինա Վարդանյանը:

Ապա խոսքն ուղղելով Հայկ Մարությանին՝ ավագանու անդամը նկատեց. «Չեմ ուզում այդ պարզ արտահայտությունն անել, բայց մի պարզ հարց՝ Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»:

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս