Հնագետները Հայաստանում երկու կին մարտիկների գերեզման են գտել
Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են հնագույն կին մարտիկների աճյուններ։ Մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են։ Հայտնում է Nplus1 գիտական կայքը՝ հղում անելով International Journal of Osteoarchaeology-ին։
«Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ. ա. V դարով ու կապված են պատմաբան Հերոդոտոսի անվան հետ: Նա գրել է ամազոնուհիների մասին, որոնք գերազանց հեծյալներ են եղել` զինված նետով ու նիզակներով: Կանայք հարձակումներ են գործել հարևան ցեղերի վրա, գերեվարել տղամարդկանց և ստիպել, որ զբաղվեն կենցաղային գործերով: Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնն էլ գրել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի շրջանում, Սև ծովի արևելյան ափին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում»,- նշում է կայքը։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների խումբն ուսումնասիրել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններով։ Գիտնականները հայտնաբերել են մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ բազալտե չորս սալերից բաղկացած ծածկույթի տակ տուֆապատ պատերով դամբարան։ Դամբարանում եղել են 45-50 տարեկան կնոջ, 16-20 տարեկան աղջկա և մեկ այլ մարդու (հնարավոր է ՝ տղամարդ) կմախքներ, ով մահացել է 50 տարեկանից բարձր տարիքում: Հայտնաբերվել է նաև վեց կավե անոթ, ուլունքներ, դաշույններ և բրոնզե նետերի չորս սայր:
«Գիտնականները կմախքների վրա հայտնաբերել են վնասվածքների հետքեր, որոնք ապացուցում են, որ կանայք մասնակցել են մարտերի։ Մեկը գագաթային ոսկրի վնասվածք է ունեցել, որը կյանքի օրոք բուժվել է։ Կողոսկրերի մոտ նետ է եղել, հավանաբար հենց դրանով են սպանել նրան։ Երկրորդ կինը նույնպես գանգի կոտրվածք է ունեցել ու կյանքի ընթացքում ստորին ծնոտի վնասվածք է ստացել։ Նրա սրունքի ոսկրի վրա հայտնաբերվել են նետի հետքեր, որի սայրն, ամենայն հավանականությամբ, մտել է ոտքը, երբ կինը ձիու վրա է եղել»,- հավելում է կայքը։
Հետազոտողները նշել են, որ բոլոր երեք մարդկանց աճյունների վնասվածքների տեսակն ու դրանց տեղայնացումը վկայում են, որ կանայք կռվել են զինված թշնամիների դեմ։ Երկուսին էլ թաղել են իրենց անձնական զենքով՝ նետերով ու դաշույնով։
Հայաստանում կին զինվորների շիրիմներ շատ հազվադեպ են հանդիպում։ Հնագետները կարծում են, որ նրանց կարելի է պրոֆեսիոնալ մարտիկների առանձին խմբի դասել` հեծյալ նետաձիգներ։