Հայտնի է դարձել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը հայտարարել է, որ կործանված Մի-17 ուղղաթիռի «սև արկղերը» աշխատունակ են, դրանից հնարավոր է ինֆորմացիա ստանալ։ «Երկկողմ համաձայնագրի հիման վրա դրանք ուղարկվել են Պրահա, և դրանցից ստացված բոլոր տվյալները՝ ներառյալ տեխնիկական պարամետրերը և օդաչուների խոսակցությունը, փոխանցվել են մեզ մեր չեխ գործընկերների կողմից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունը վարում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը՝ Պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։
«Նախաթռիչքային նախապատրաստման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Բազմաթիվ ցուցմունքներ են ձեռք բերվել վկաներից։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը եղել է օդաչուների կոպիտ սխալը, որոնք հաշվի չեն առել քամու ուժգնությունն ու ուղղությունը, ինչը հանգեցրել է աղետի»,- ասել է Մամեդովը։
Նոյեմբերի 30-ին Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» զորավարժարանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։ Արդյունքում մահացել է 14 մարդ, ևս երկուսը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։