«Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը, թիկունք դարձրեց մեր հայրենակիցներին». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը:

Իր բացման խոսքում Սերժ Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ կուսակցության համար այն հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ առանց չափազանցության կարող է ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ հայ ժողովուրդն ու պետությունն առնչվում են լրջագույն մարտահրավերների:

«Մեզ՝ հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում, առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում՝ այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները: Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի ու կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատական հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա, այս հաշվետու համագումարում իրենք չպետք է քննարկեն միայն ներկուսակցական հարցեր, պետք է սահմանեն քաղաքական ուղենիշներ, լսեն առաջարկներ, ձևակերպեն օրակարգ:

«Մենք անկարող ենք կեղծել ինքներս մեզ, ձևապաշտությունը մեր տեսակին հարիր չէ, ուստի առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառը իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և սա ռեկորդային ցուցանիշ է, իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե պատկերացնել աղետի աստիճանը: Մինչ մենք այսօր այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին և օտար երկրներում հաստատվելու հույս փայփայում: Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում ամեն երրորդն աղքատ է, վիճակը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի՝ աղքատության վերին շեմի մասին, Հայաստանում աղքատ է բնակչության 47, 6 տոկոսը»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի մնացել է անօթևան, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կուտակած վաստակ  և վտանգված ինքնություն:

«Իրականություն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրեցին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակին: Այսպես էլ 5000 երիտասարդներ իրենց հարսանիքին չպարեցին, երեխաներ չծնվեցին: Այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց՝ որպես հետևանք թողնելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր:

2020 թվականին, վերջին 70 տարիների մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրական տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թիվը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է: Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը և թիկունք դարձրեց մեր հայրենակիցներին՝ մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս