Էրդողանը քննադատել է Ֆրանսիային՝ Աֆրիկայում վարած գաղութային քաղաքականության համար
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում, որն արդեն իսկ ավարտվել է, Գաբոնից ու Նիգերիայից հետո այցելել է Սենեգալ:
Այստեղ Էրդողանն այցելել է Իլ դե Գորե կղզում կառուցված և ստրկավաճառությանը նվիրված հուշարձան և 1962 թվականին բացված թանգարան, որը գտնվում է Սենեգալի մայրաքաղաք Դակարից երեք կիլոմետր հեռավորության վրա: Էրդողանն իր զարմանքն է հայտնել այդ հուշարձանի պահպանման կապակցությամբ և քննադատել է Ֆրանսիային՝ ժամանակին Աֆրիկայում նրա վարած քաղաքականության համար:
Էրդողանն այդ հուշարձանն անվանել է «այլանդակ» և Սենեգալի պաշտոնատար անձանց խորհուրդ է տվել այն վերադարձնել ֆրանսիացիներին. «Այդ հուշարձանը վերադարձրեք ֆրանսիացիներին, թող հիանան իրենց պատմությամբ: Այն ամենը, ինչ ես տեսա այստեղ, ամոթալի է մարդկության համար: Տեսեք, թե այստեղ ինչ է արել իրեն ժողովրդավարության բնօրրան հռչակած երկիրը»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին էլ Էրդողանն «այլանդակ» էր որակել և կարգադրել էր ապամոնտաժել Կարսում գտնվող անավարտ Մարդկության հուշարձանը, որը խորհրդանշում էր հայ-թուրքական բարեկամությունը: