Ամերիկյան ատոմային սուզանավը Հորմուզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ատոմային սուզանավը երեկ Հորմուզի նեղուցում բախվել է մի նավի հետ: Ենթադրվում է, որ դա եղել է ձկնորսական նավ: Այս մասին հայտարարել է Բահրեյնում բազավորված ԱՄՆ 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ բախումից ոչ ոք չի տուժել, փոխարենը բախումից վնասվել է «Լոս Անջելես» դասի «Ջեքսոնվիլ» սուզանավի շրջադիտակը: Սուզանավի ռեակտորը վտանգի տակ չէ, սուզանավի համակարգերը չեն վնասվել:
Նշվում է, որ «Ջեքսոնվիլ» ատոմային սուզանավն ԱՄՆ ռազմածովային ուժերը համալրել է 1981 թվականին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանը քանիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է ծովային ճանապարհով փոխադրվող համաշխարհային նավթի 40 տոկոսը: