Էրդողանն ԱՄՆ-ում քննարկելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հարցը
Իրաքյան Al-Kanun լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը փետրվարին այցելելու է ԱՄՆ, ուր քննարկումներ է անցկացնելու Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական ինքնավարության վերաբերյալ:
Նշվում է, որ Էրդողանի վաշինգտոնյան այցը համընկնում է այն լուրերի շրջանառման աճի հետ, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը փոխզիջման են հանգել Սիրիայի հարցում: Էրդողանի այդ այցն ունի մեծ նշանակություն, քանի որ Էրդողանը քննարկելու է նաև տարածաշրջանային զարգացումները և դրանց վրա սիրիական ճգնաժամի ազդեցությունը:
Էրդողանը նաև խնդրելու է ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների աջակցությունը՝ Իրաքում քրդական պետության ստեղծման հարցում: Թուրքիան, սակայն, հանդես չի գալիս միացյալ Իրաքի օգտին: Վերջին 5 տարիներին զգալի առաջընթաց են ունեցել Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև առևտրային հարաբերությունները:
Վերլուծաբանները վստահ են, որ 2013 թվականին Իրաքյան Քրդստանը դառնալու է Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերը, նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալն արդեն իսկ հասել է 8 միլիարդ դոլարի: