Իշխանությունը Բագրատյանի հետ համաձայնության չի եկել և չի գա. մամուլ
««Նման բան չկա: Բացարձակ չկա: Ես Ձեզ վստահեցնում եմ: Ոչ մի համաձայնություն, անգամ այդպիսի մտադրություն չկա՝ համաձայնության գալ Բագրատյանի հետ: Չի կարող լինել այդպիսի բան»,- երեկ aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսպես պատասխանեց կոնգրեսականների մեղադրանքներին, թե Հրանտ Բագրատյանը իշխանության հետ գուցե համագործակցում է»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Իսկ թե ինչու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել՝ ՀՀԿ պատգամավորն ունի իր բացատրությունը. «Տարիքը չէ: Տարիքը պատրվակ է: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական լուրջ գործիչ է, լրջորեն վերլուծել է իրավիճակը, հանրային ընկալումները, հանրության վերաբերմունքը իր քաղաքական ուժի նկատմամբ, և բոլոր ռեսուրսները համադրելով՝ ինքն էլ եկել է այն եզրակացության, որ ամեն ինչի սկիզբ ունի իր վերջը: Նա այդ ճշմարտությունը հասկացել է»:
Մեր հարցին՝ ԲՀԿ-ի հարցում սխալ հաշվարկները կարո՞ղ էին հիմք հանդիսանալ այսօրվա ՀԱԿ-ի պասիվության, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչքանով է դա նպաստել կամ ծառայել՝ որպես գործիք, միջոց, որպեսզի իր որոշումն ավելի արագ արվի, բայց նրանք էլ կատարել են իրենց հաշվարկները և համոզվել, որ ըստ էության ճիշտ է այդպես դիրքերը չխափանել»»: