Շուտով տրանսպորտում են սկսելու QR կոդը ստուգել. սահմանափակումները՝ Հայաստանում և այլ երկրներում
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել տնտեսվարողների շրջանում: Տնտեսվարողներին հետաքրքրում է՝ արդյոք ռեսուրսները կբավարարե՞ն՝ նման ֆունկցիա իրականացնելու համար, և ինչպե՞ս են վերահսկողություն իրականացնելու:
Նրանց պնդմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, իսկ այս նոր որոշումը տեղին չէ:
Արտերկրում ապրող մեր հայրենակիցներից փորձեցինք պարզել, թե ի՞նչ սահմանափակումներ են գործում այն երկրում, որտեղ այս պահին իրենք բնակվում են:
«Կալիֆոռնիայում ամեն ինչ գործում է, սակայն սրճարան, ռեստորան, համերգասրահ մուտք գործելիս ստուգում են՝ պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ»,- տեղեկացրեց Լիան:
«Իտալիայում շուտով անգամ տրանսպորտում են սկսելու ստուգել QR կոդը: Դեկտեմբերի 6-ից խստացումներ են, համերգներ գրեթե չկան, իսկ եթե լինում են, ապա ով պատվաստված չէ կամ ՊՇՌ հետազոտության թեստ չունի՝ դրսում է նստում: Ի դեպ, ով չի պատվաստվել ու վարակվում է կորոնավիրուսով, փողով է բուժվում. Հո ես հարկեր չե՞մ վճարում, որ ինքը կապրիզների պատճառով իմ ու իմ նմանների հաշվին բուժվի»,- հայտնեց Արամը:
Սևակի փոխանցմամբ՝ Իրանում ռեստորան թողնում են բոլորին, սակայն թատրոններն ու համերգասրահները դեռևս չեն բացվել:
Հարսանիքները շատ քիչ են, մեկը՝ ես, մի տարի է՝ չեմ տեսել, որ հարսանիք անեն»,- ասաց նա:
Պարզվեց՝ Վիեննայում նոյեմբերի 8-ից գեղեցկության սրահներ, ռեստորաններ, սրճարաններ մուտք գործել կարող են միայն պատվաստված մարդիկ կամ նրանք, ովքեր եղել են վարակված և առողջացած: ՊՇՌ հետազոտության որևէ արդյունք արդեն չի ընդունվում:
Իսպանիայում դեկտեմբերի 24-ից QR կոդեր են անհրաժեշտ՝ ծերանոց, ռեստորան, բար, մարզասրահ այցելելու համար:
Ռուսաստանի Դաշնությունում թանգարաններ, կենդանաբանական այգի, սննդի օբյեկտներ, կինոթատրոններ և ժամանցի այլ կենտրոններ այցելելիս անհրաժեշտ է ունենալ անձնագրի պատճեն, պատվաստված լինելը հավաստող QR կոդ կամ կորոնավիրուսով վարակված և առողջացած լինելու բժշկական թուղթ:
Բեռլինում և Համբուրգում արգելված է տրանսպորտից օգտվել, եթե չկա QR կոդ կամ ՊՇՌ հետազոտության պատասխան: