Շվեդը նկար է ստեղծել համակենտրոնացման ճամբարի զոհերի աճյունների մոխրից

Հանուն արվեստի՝ ազգությամբ շվեդ Կարլ Միքայել ֆոն Հաուսվոլֆը դիմել է հանցագործության. նա ստեղծել է նկար Լյուբլյանայի Մայդանեկ համակենտրոնացման ճամբարի զոհերի այրված մարմինների մոխրից:

Այժմ «նկարիչը» ստիպված է լեհական արդարադատությանը պատասխան տալ իր «ստեղծագործության» համար: Հաուսվոլֆը վաղուց հայտնի է արվեստում կատարած իր փորձարարությունների շնորհիվ: Նրան հատկապես հետաքրքրում է մահվանից հետո կյանքի և հանգուցյալների հետ շփման թեման: Սակայն առաջին անգամ են նրա որոնումները հասել այդ աստիճանի` նկարիչը պղծել է Հոլոքոստի զոհերի հիշատակը:

Մեկ տարի առաջ շվեդական Լունդ քաղաքում կայացած ցուցահանդեսում 56-ամյա Հաուսվոլֆը ներկայացրեց իր «Հիշողությունը գործողության մեջ» նկարը: Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող, մոխրագույն-շագանակագույն գույներով այդ նկարում երևում են մարդկանց ստվերներ: Հեղինակը, սակայն, նկարը ներկայացրել էր համապատասխան պարզաբանման հետ: «Մոխիրը պարունակում է մարդկանց «հոգիների» էներգիան և հիշողությունը, այն մարդկանց, որոնց տանջել են, կտտանքների են ենթարկել և սպանել են 20-րդ դարի ամենադաժան պատերազմներից մեկի ընթացքում»,- գրել է նա` միաժամանակ պատմելով, թե ինչպես է ստեղծել այդ նկարը:

Պարզվում է, որ 1989 թվականին Մայդանեկ համակենտրոնացման ճամբար կատարած էքսկուրսիայի ժամանակ Հաուսվոլֆը դիակիզարանից գողացել է այրված աճյունների մոխրով լեցուն սափորը: Երկար տարիներ նա չի համարձակվել օգտագործել այդ մոխիրն իր աշխատանքներում, քանի որ, ինչպես ինքն է ասել, «նյութը դաժանության չափազանց մեծ էներգետիկա էր պարունակում»:

Մոտ երկու տարի առաջ նա որոշել է ստեղծել այդ նկարը: Հաուսվոլֆը մոխիրը խառնել է ջրով, որպեսզի ստեղծի ածխի տպավորություն, և այդ մոխրով պատել է ակրիլան թուղթը: Ոչ ինքը` նկարիչը, ոչ այդ նկարը ցուցադրած թանգարանի սեփականատերը դրանում որևէ ապաբարոյական տարր չեն տեսել: Ավելին` նրանք հայտարարել են, թե նկարի ցուցադրման արդյունքում ծագած սկանդալը նախապես մտածված PR քայլ չի եղել: Սակայն անգամ համբերատար համարվող շվեդ հասարակությունն այս ստեղծագործական «վերելքին» նորմալ չի վերաբերվել:

Պատկերասրահի դեմ բազմաթիվ բողոքներ են հղվել. ցուցահանդեսի այցելուները զանգահարել են ոստիկանություն` նկարչին մեղադրելով այն բանում, որ նա «խախտել է ննջեցյալների հանգիստը»: Արդյունքում՝ շվեդական ոստիկանությունը գործ է հարուցել Հաուսվոլֆի նկատմամբ: Նախաքննությունը շատ արագ ավարտվել է ապացույցների բացակայության պատճառով. հանցագործությունը կատարվել է Լեհաստանում և ոչ թե Շվեդիայում, բացի այդ, չափազանց երկար ժամանակ է անցել հանցագործությունից:

Սակայն Լեհաստանում Հաուսվոլֆի արարքը հեշտությամբ չեն մոռացել: Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել շվեդ նկարչի կողմից համակենտրոնացման ճամբարի զոհերի աճյունների մոխիրն օգտագործելու փաստի առթիվ: Այդ մասին հայտարարել է Լյուբլյանայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Բեատա Սիկ-Յանկովսկան: «Մենք մտադիր ենք դիմել շվեդական արդարադատությանը` հետաքննության հարցում օգնություն խնդրելու նպատակով»,- ասել է նա: Եթե լեհերին հաջողվի ապացուցել Հաուսվոլֆի մեղքը, ապա գերեզմանների պղծման կամ մասունքների առևանգման համար նա կարող է դատապարտվել մինչև 8 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս