«Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե 1929, այլ 1975 թվականի քարտեզով». Ամատունի Վիրաբյան

Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում լրագրողների հետ զրույցում համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը պետք է տեղի ունենա մինչև1929 թվականի քարտեզներով։

«1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկայումս ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը․․․ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են։

Հիմա մենք պետք է խուսափենք առհասարակ ասել՝ հայկական կամ ադրբեջանական տարածքներ են՝ ցանկացած քարտեզով, ինչո՞ւ, որովհետև քանի դեռ չեն իրականացրել դեմարկացիա և դելիմիտացիա, պարզ չէ՝ դա ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական է։ Նույնը վերաբերում է է Մ-2 և Մ-17-ին, նույնը՝ նաև այն տարածքներին, որոնք կոչվում են, այսպես կոչված, «ադրբեջանական»»,- ասել էր Գևորգ Փարսյանը։

168.amՀայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային արխիվում պահպանվո՞ւմ են 1929 թվականի քարտեզները, և այդ քարտեզներով սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու դեպքում ի՞նչ պատկեր է ստացվելու Հայաստանի համար։

«Այո, Ազգային արխիվում պահպանվում է 1929 թվականի քարտեզը։ Ես կարծում եմ՝ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու ոչ թե այդ քարտեզներով, այլ Խորհրդային Միության 1975 թվականի քարտեզով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածներում, որտեղ վերահսկողություն են իրականացնում ադրբեջանցիները։ Այդ քարտեզով Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը պատկանում էր Հայաստանին, մյուս հատվածը՝ Ադրբեջանին, և այդպես շարունակ ծայրից ծայր։ Սա նշանակում էր, որ այդ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխանության տակ էր, այլև Հայաստանի։ Այդ ճանապարհի խնդիրը պետք է լուծվի, իսկ 1929 թվականի քարտեզով նման խնդիր չկա։ Այսօր ադրբեջանցիները գրավել են այդ ամբողջ ճանապարհը և այնտեղ դրել են մաքսակետ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 1929 թվականին Կապանից հայկական 21 գյուղ անցել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին են անցել Մեղրու շրջանի Նուվալդին և ևս 2 գյուղ, ինչը խնդիր է առաջացնում։

«1975 թվականի քարտեզով մենք ոչ միայն չենք կարողանալու այդ 21 գյուղերը վերադարձնել, այլև Ադրբեջանին պետք է տանք Նուվալդին ու 2 գյուղ, որոնք, կարծեմ, այսօր չկան, որովհետև փոքր գյուղեր էին, բայց Նուվալդին կա ու այն բավականին մեծ գյուղ է։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները հենց այս քարտեզով գնացել սահմանազատման, ես պետական իշխանության մեջ չկամ, ուղղակի որպես պատմաբան՝ իմ կարծիքն եմ ասում։  «Ինչու»-ները շատ են, որոնց դժվար է պատասխանել»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս