«Դուք Ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը Ձեզ համար խնդրահարույց չէ». Սիրանուշ Սահակյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի է ունենում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր Զարուհի Նախշքարյանի միջնորդության հիման վրա:

Նախորդ երկու կարգապահական վարույթներով Զարուհի Նախշքարյանին արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, և ևս մեկ նկատողությունը ճակատագրական կլինի դատավորի համար. վերջինս կզրկվի դատավորի լիազորություններից:

Իրավաբանական համայնքում կարծիք կա, որ Զարուհի Նախշքարյանին պատժելու ուղիղ ցուցում կա քաղաքական վերնախավի կողմից, քանի որ վերջինս համարձակվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն «խիստ նկատողություն» կարգապահական պատասխանատվությունը Զարուհի Նախշքարյանի համար սահմանեց այն բանի համար, որ վերջինս ինքնաբացարկ չէր հայտնել «Իկրայի գործով» վարույթից:

Կարգապահական վարույթի քննարկման նիստի սկզբում հայտնի դարձավ, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը: Անի Մխիթարյանը հեռացավ նիստերի դահլիճից:

Հաջորդիվ հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Մեսրոպ Մակյանը, ով ասաց, որ նոր է հիշել՝ 2-3 տարի առաջ որպես հայցվոր գործ է ունեցել Զարուհի Նախշքարյանի վարույթում. իր հայցը բավարարվել է: Պետրոս Մակյանը միջնորդեց դատարանին քննարկել այդ առնչությամբ իր ինքնաբացարկի հայցը, կողմերին խնդրեց դիրքորոշում հայտնել իր կողմից հայտնած տեղեկության վերաբերյալ:

Զարուհի Նախշքարյանը նկատեց, որ չի կարող լինել կասկած առ այն, որ Մեսրոպ Մակյանը իր օգտին որոշում կկայացնի, քանի որ տարիներ առաջ ինքը բավարարել է նրա հայցը, և իր այդ տեսակետը հիմնավորվում է ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ իր հարցով նախորդ քվեարկությունների արդյունքներով:

Խորհուրդը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հայտարարեց, որ մերժում է Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

Հաջորդիվ ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդեց բացարկ հայտնել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին, քանի որ վերջինիս անաչառությունը անկողմնակալ դիտորդի համար կասկածահարույց է:

«Մելիքջանյանը եղել է «Ելք» քաղաքական թիմի անդամ, նրա անունը եղել է խորհրդարանական ընտրություններում «Ելքի» ցուցակում, Նիկոլ Փաշինյանի հետ դեռ մանկության տարիներից ունի ձևավորված մտերմություն, ինչի մասին հայտարարություն չի տվել: Այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ վերջինս կարող է առաջնորդվել որոշակի քաղաքական շահերով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով նաև, որ Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ նախորդ կազմի գիտնական անդամներից է, որոնք բոլորն էլ հրաժարականի դիմում են ներկայացրել, բացի իրենից:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն առարկեց այդ միջնորդության դեմ: ԱՆ մյուս ներկայացուցիչն էլ միջնորդեց մերժել միջնորդությունը:

ԲԴԽ-ն երրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալով՝ մերժեց Սիրանուշ Սահակյանի միջնորդությունը՝ տեղեկացնելով, որ Լիպարիտ Մելիքջանյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն դպրոցում, առավել ևս՝ նույն դասարանում չեն սովորել:

Սիրանուշ Սահակյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ նախորդ կարգապահական վարույթի որոշման առնչությամբ Մեսրոպ Մակյանի գրած հատուկ կարծիքին. դատավորի ներկայացուցիչը միջնորդեց իրենց հաղորդակից դարձնել դրա բովանդակությանը: Դա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ իրենց միջնորդությունը կարող է պայմանավորված լինել դրա բովանդակությամբ:

Արդարադատության նախարարությունը կրկին դեմ էր այդ միջնորդությանը:

Մեսրոպ Մակյանը թեպետ նշեց, որ ինքը դեռ 2 օր ունի իր հատուկ կարծիքը ներկայացնելու համար, սակայն կարող է ասել, որ այն վերաբերում էր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ որպես կարգապահական միջոց՝ «խիստ նկատողության» ընտրությանը:

«Ես կարծում եմ, որ դա շատ խիստ պատժի միջոց էր»,- ասաց ԲԴԽ անդամը:

Իր ելույթում Սիրանուշ Սահակյանը նախ նշեց, որ շատ լավ հասկանում են պրոցեսների շարժառիթները և կարծում են, որ ամեն ինչ իր գինն ունի, ու իրենց համար կանխատեսելի են կայացվող որոշումները:

«Մենք միջնորդում ենք Խորհրդի անդամներ Ջհանգիրյանին, Բեքմեզյանին, Խաչատուրյանին, Քոչարյանին, Մելիքջանյանին բացարկ հայտնելու մասին: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ անաչառության խնդիրներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս նկատեց՝ և Ջհանգիրյանը, և Բեքմեզյանը, և Քոչարյանը, և Խաչատուրյանը նշանակվել են «Իմ քայլը» քաղաքական ուժի կողմից՝ առանց անկախ և մրցութային ընթացակարգերի: Նրանց առաջադրումը և ընտրությունը արդյունք է եղել մեկ քաղաքական ուժի ղեկավարի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:

«Այս գործընթացում ամբողջովին անտեսված է եղել պառլամենտական ընդդիմության դերը, ուստի այս թեկնածուները ընտրվել են ոչ թե պառլամենտի, այլ ուղղակի քաղաքական ուժի կողմից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը նշեց նաև, որ ԲԴԽ-ն իր 84ՈԿ24 որոշմամբ դատավոր Նախշքարյանին վերագրել է քաղաքական վարքագիծ՝ նշելով, որ դատավորի կողմից հնչեցրած բոլոր արտահայտություններն իրենց բնույթով քաղաքական են, վերաբերում, բնութագրում և որակում են Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի անձը:

«Այսինքն՝ ԲԴԽ-ն արձանագրել է, որ դատավոր Նախշքարյանը կողմնակալ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընդ որում, շատ ավելի ցավալի է, որ այդ պնդումներն արված չեն եղել Արդարադատության նախարարության կողմից, բայց անգամ այդ պայմաններում ԲԴԽ-ն չափազանց կարևորել է տիկին Նախշքարյանի գործունեությանը քաղաքական գնահատականներ տալը: Մենք կարծում ենք, որ ԲԴԽ նշված անդամները հատել են նաև մասնագիտական կոմպետենտության սահմանները և ցուցադրել են, որ «Նիկոլ Փաշինյան» շարժառիթով կարող են կայացնել ցանկացած որոշում՝ ակախ մասնագիտական հիմնավորվածության աստիճանից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ բերելով իր այդ պնդման ապացույցները:

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն խախտել է նաև քվեարկության կարգը՝ առանձին գնահատական չտալով մեղավորության և պատասխանատվության հարցերին:

«Դուք կիրառել եք «խիստ նկատողություն և դրա համար «Դատական օրենսգրքով»՝ պետք է ունենաք 6 ձայն: Դուք չեք ունեցել 6 ձայն դրա համար: Դուք ունեցել եք 5 ձայն, և մենք կարծում ենք, որ «խիստ նկատողությունը»՝ որպես այդպիսին, իրավական առումով չի կարող հայտարարված լինել Զարուհի Նախշքարյանի նկատմամբ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հիշեցնելով, որ Մեսրոպ Մակյանը դեմ է եղել կարգապահական այդ տույժին:

Հաջորդիվ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ գիտնական-անդամների անկողմնակալության խնդրին՝ ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնելով իր ոչ վաղ անցյալի գործունեության մասին, երբ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ՝ 2008թ. հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, ինչն առաջ է բերել հետևանքներ:

«Այս առիթով նաև դիմել եք Եվրոպական դատարան, բայց, ցավոք, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջամտությունը Ձեր իրավունքներին արդարացված էր, որովհետև դատախազները, ինչպես նաև դատավորները չպետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ: Եվ մենք, ստացվում է, որ տեղյակ ենք՝ Դուք Ձեր փորձով ցույց եք տվել, որ քաղաքական չեզոքությունը խախտելը Ձեզ համար խնդրահարույց չէ, և անձնական կամ մասնագիտական զսպաշապիկը կարող է բացակայել»,- դիմելով՝ Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց Սիրանուշ Սահակյանը:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը նաև հարկ համարեց նշել, որ սույն կարգապահական վարույթը հարուցվել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա, որի թեկնածությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի այդ, Ստյոպա Սաֆարյանը հանրության շրջանում հայտնի է իր քաղաքականացվածությամբ և ասոցացված է գործող իշխանության հետ: Նշվածը ցույց է տալիս, որ այս կարգապահական վարույթը հարուցված է որպես պատիժ և ունի կանխող նպատակ՝ դատական համակարգին ցույց տալու համար, թե ինչ է լինում այն դատավորների հետ, երբ որ իշխանությանը մոտ կանգնած անձանց դեմ կայացվում են վճիռներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ պնդելով իր բացարկի միջնորդությունը:

Զարուհի Նախշքարյանը նույնպես Խորհրդին հիշեցրեց, որ իրեն խիստ նկատողություն հայտարարելու համար իրենք չեն ունեցել պահանջվող 6 ձայնը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱՆ ներկայացուցիչը, որից հետո Սիրանուշ Սահակյանը և Զարուհի Նախշքարյանը նրան հարցեր ուղղեցին:

Ապա հանդես եկավ Զարուհի Նախշքարյանը, ով նախ Խորհրդին խնդրեց սաստել Ստյոպա Սաֆարյանին, ով անմիջապես իր թիկունքի հետևում խանգարում է իրեն. Ստյոպա Սաֆարյանը տեղը փոխեց:

Կարգապահական վարույթը շարունակվեց դիմող և պատասխանող կողմերի հարցուպատասխանով:

Ավարտին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ կողմի դիրքորոշումները թեպետ հայերեն էին, սակայն իր համար ընկալելի չէին, խնդրեց հասկանալի լեզվով բացատրել՝ ինչ է դիմող կողմի ուզածը: Արդարադատության նախարարության (ԱՆ) ներկայացուցիչը հրաժարվեց:

Դրան ի պատասխան՝ Զարուհի Նախշքարյանը հարցրեց՝ ե՞րբ եմ ես թույլ տվել խախտում:

ԱՆ ներկայացուցիչը հարցի միջոցով փորձեց հասկանալ՝ ի՞նչ է ուզում դատավորը: Վերջինս ասաց, որ չի պատրաստվում պարզաբանել իր հարցը, այլ սպասում է իր ուղիղ տված հարցի պատասխանին:

«Ձեր միջնորդությունից չի երևում՝ երբ է իմ կողմից կատարվել խախտում, մինչդեռ դա կարևոր է»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:

Դրանից հետո ԱՆ ներկայացուցիչները փնտրեցին ու միջնորդության մեջ երկար չգտան այդ մասը, մինչդեռ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ասաց, որ գիտի՝ ինչի մասին է խոսքը:

Ի վերջո, ԱՆ ներկայացուցիչներն ինչ-որ էջ մատնանշեցին, ինչը, սակայն, ըստ էության հարցի պատասխանը չէր. օգնության հասավ դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Կարգապահական վարույթի նիստի քննությունը հետաձգվեց: Այն կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին:

Տեսանյութեր

Լրահոս