Փաշինյանի ընտանեկան թերթն ու վարորդների բոյկոտի ժամանակը. զուգադիպությո՞ւն, թե՞ ժամանակագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը երեկ ուշագրավ «ֆելիետոնով» հիշել էր Հայկ Մարությանին՝ հեղափոխական թիմակցին մեղադրելով «հեղափոխությունից շեղվելու» «զանցանքում»: Բացահայտ ակնարկներով, անանուն աղբյուրներին հղումներ տալով՝ լրատվամիջոցը պատմում է, որ Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղել են» գեներալները, և, որ Հայկ Մարությանը պատերազմից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու համար:

«Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանն իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ նկատելով, որ ապագայում պարզ կլինի, թե  «նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը»:

Հետաքրքրական է, որ մինչ այս հրապարակմանը կանդրադառնային քաղաքապետի ներկա ու նախկին թիմակիցները, մինչ կհերքեին Սեյրան Օհանյանն ու իր թիմակիցները, հանկարծ հանրային տրանսպորտի մի խումբ վարորդներ սկսեցին հանդիպում պահանջել քաղաքապետ Մարությանի հետ:

Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքում հակամարությանական հոդվածի հրապարակումից ընդամենը ժամեր անց՝ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիների վարորդներ որոշում են չաշխատել՝ հենց այդ օրը «հիշելով», որ իրենց ստացած աշխատավարձը, իրենց աշխատանքային պայմանները գոհացուցիչ չեն:

Ի դեպ, քաղաքապետի խոսնակը առավոտյան տեղեկացրել էր՝ «քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260․000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար»:

Եվ նորից դառնանք մեր «ֆելիետոնին». արձագանքելով վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հոդվածում տեղ գտած լուրերի մասին հարցադրումներին՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշել է՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումը սահմանված ժամկետից շուտ ավարտելու մասով քննարկումներ չկան:

Նա, սակայն, հավելել է, որ դա հնարավոր կլինի միայն օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. օրինակ, «ա.՝ երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա, բ.՝ երբ ավագանին անվստահություն կհայտնի»:

Էդուարդ Աղաջանյանը, կարելի է ասել, լրացնում է «Հայկական ժամանակ»-ի կանխատեսումը, թե ապագայում պարզ կլինի՝ Հայկ Մարությանին քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմն ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը»:

Ասել է թե՝ սպասենք նոր զարգացումների:

Թեմային անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ասելով.  «Կարծում եմ՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն, որ պետական համակարգում բազմաթիվ հակասություններ կան, սրանով փորձում են շեղել ու ամենը գցել այն մարդկանց վրա, որոնց անունները գրված են։ Նման բան չկա ու չէր էլ կարող լինել»:

Տեսանյութեր

Լրահոս