ՀՀ գլխավոր դատախազը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները:
Մասնավորապես, թիրախային հարցերից են Համաժողովի կողմից ընդունված համապատասխան հռչակագրերի համաձայն անդամ երկրների կողմից կոռուպցիայի կանխարգելման պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը, կոռուպցիայի միջոցով ստացված ապօրինի եկամուտների, ակտիվների վերադարձման մեխանիզմների կատարելագործումը և այս ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները, նշված բոլոր ոլորտներում միջազգային համագործակցությունը և դրա շրջանակներում անդամ երկրների միջև իրավական փոխօգնության կառուցակարգերի զարգացումը, ինչպես նաև այլ խնդիրներ:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով` ներկայացնելով Հայաստանում հակակոռուպցիոն համալիր՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակներն ու ընթացքը, անդրազգային կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի շրջանառության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ՀՀ դատախազության տեսլականը:
Աշխատանքային այցի և համաժողովին մասնակցության շրջանակներում նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազի՝ երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ: