«Երեկ գիշերն են մի քանի անգամ կրակել․ տղերքը հաստատակամ կանգնած են». Վերին Շորժայի գյուղապետ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել էր ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում թշնամին այդ ուղղությամբ մշտապես կրակ է արձակում և, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տարբեր դիրքերում զինտեխնիկա է կուտակում։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է։

«Երեկ գիշերն են մի քանի անգամ կրակել, բայց գյուղի բնակիչները ոչ էլ կրակոցի ձայները լսել են։ Ես հիմա մեր սահմանը պահող տղաների հետ սուրճ եմ խմում, ամեն մեկն իր տեղում կանգնած է։ Տղերքը հաստատակամ կանգնած են, ամեն մեկը մի փիղ է։ Մենք անզեն աչքով զինտեխնիկայի կուտակում չենք տեսել»,- տեղեկացրեց Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի  դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հայկական ուժերը հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, ՀՀ սուվերեն տարածքը թշնամու կողմից դարձավ խոցելի։ Այդ ամենի արդյունքում թշնամին հաճախ է դիմում ռազմական ագրեսիայի՝ կրակելով նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս