«Մարդը, ով իմ դեմ ցուցմունք է տվել, Սիսիանի համայնքապետարանում նշանակվել է բաժնի պետ». Արթուր Սարգսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք էր հանդիսացել դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ըստ այդմ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ԱԺ պատգամավորը պատասխանեց լրագրողների հարցերին։
Սպասելի՞ էր երկրորդ անգամ իր կալանավորումը՝ հարցին Ա. Սարգսյանը պատասխանեց, թե օրենքով կալանավորման չէին սպասում, բայց այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է։
««Հայաստան» դաշինքի իմ գործընկերները դիմել էին ՍԴ, մեր Վարդևանյանը մանրամասն ներկայացրել է։ Այդ մի հավատն էր մնացել այս երկրում, որ կա մեկ ատյան, որը ճիշտ որոշում կկայացնի։ Այսօր ուզում եմ ասել, որ Վարդևանյան Արամը ճիշտ էր, բոլորը սխալ էին։
Այս երկրում ամեն ինչի սպասում եմ, բայց ամեն ինչի պատրաստ եմ։ Կարծում եմ՝ ինչպես այս 6 ամիսների ընթացքում ապացուցվեց, որ կալանավորումը խայտառակ ապօրինի էր, վստահաբար ասում եմ՝ կտեսնեք, այս ամենի ապօրինի լինելը կապացուցվի և ես կարդարացվեմ։ Այն մարդը, ով իմ դեմ ցուցմունք է տվել, Սիսիանի համայնքապետարանում նշանակվել է բարձր պաշտոնի՝ բաժնի պետ, կարծում եմ՝ հենց այդ գործարքի համար, այսինքն՝ համոզված եմ»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Միաժամանակ նա նկատեց, որ նոյեմբերի 16-ից առաջ, երբ թշնամին ռազմական ագրեսիա իրականացրեց Սիսիանի հայկական դիրքերի ուղղությամբ, դրանից մեկ օր առաջ, առանց իրեն տեղյակ պահելու, կալանավորման որոշում կայացրեցին և կալանավորեցին։
«Այս ամենի հետևությունները թողնում եմ ձեզ»,- եզրափակեց Արթուր Սարգսյանը։
Նշենք, որ ՍԴ որոշման հիմքով փոխվել էր նաև Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):