Վերադասավորումներ՝ ամենահավատարիմներով ու ամենավստահելիներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր նշանակումները փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը սակավաթիվ թիմակիցների է լիարժեք վստահում, և խնդիր կա հնարավոր բոլոր ոլորտներում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք անվերապահ, լիարժեքորեն հավատարիմ են ու վստահելի:

Իր վաղեմի ամենահավատարիմ «զինակիցների» միջոցով այսպիսի վերադասավորումներով Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում» առաջիկա հնարավոր մարտահրավերներին ընդառաջ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին դա է պատճառը, որ Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ ղեկավար, Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար»:

Տեսանյութեր

Լրահոս