Փաշինյանն ու յուրայիններն ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս յուրաքանչյուր հարցուպատասխանի ընթացքում. Աննա Գրիգորյան
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, մասնակցելով Կառավարության հետ հարցուպատասխանին, նպատակ ունեն հանրությանը ցույց տալ մեկ բան՝ բոլորիս մեջքի հետևում գործընթացներ են եղել, որոնց արդյունքում Հայաստանն ու Արցախը տարածքային կորուստներ են կրել, և այդ գործընթացները շարունակվում են նաև այսօր, ուստի ընդդիմադիրների տված հարցերի արդյունքում Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս ինքնախոստովանական ցուցմունքներով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ իմաստ ունի նույն մարդուն երկուսուկես ժամ հարցեր ուղղել ու լսել հակասական պատասխաններ, այն դեպքում, երբ մեկ օր առաջ նույն իշխանության ներկայացուցիչները ծեծում էին ընդդիմության աջակիցներին, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասում էր՝ բանավոր պայմանավորվածության արդյունքում են պատերազմից հետո տարածքներ հանձնվել, բայց երեկ, նայելով պատգամավորների աչքերին, հայտարարում էր, թե բանավոր որևէ պայմանավորվածություն չի եղել, Աննա Գրիգորյանն արձագանքեց.
«Որոշ պատգամավորներ, եթե չլինեին Փաշինյանի ազգականները, չէին էլ դառնա պատգամավորներ, նրանք երեկ իրենց պահել են խուլիգանի կեցվածքով, մենք դա տեսել ենք, և իրավապահ համակարգը պետք է դրանով զբաղվի, ուստի մենք հիմա նաև ժողովրդին պետք է ցույց տանք, որ սրանք խուլիգաններ են, որոնք ստում են, որոնք եկել են մեկ այլ խոստմամբ, սակայն հիմա անում են լրիվ հակառակը։ Քանի դեռ հանրությանը դա հասանելի չէ, հնարավոր չէ համաժողովրդական ցասման հասնել։ Մարդիկ, որոնք ընտրել էին արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին, հիմա հասկանում են, թե ի՞նչ է կատարվել և կատարվում, և հենց դրա հաշվին է, որ այդ ալիքը գնալով տարածվում է և մեծանում։ Մենք Ազգային ժողովի ամբիոնից նաև կարողանում ենք բացատրել, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում, և ալիքի տարածվելու դեպքում հնարավոր է լինելու հասնել համաժողովրդական ընդվզման»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ շեշտելով՝ իշխանությունը շատ լավ հասկանալով ընդդիմության գործունեության արդյունավետությունը, ստեղծում է տպավորություն, որ ընդդիմությունը կարող է նստել իրենց հետ հարցեր քննարկել՝ պարբերաբար Ալեն Սիմոնյանի և Փաշինյանի կողմից հրավերներ անելով ընդդիմությանը։
««Հայաստան» դաշինքն ասում է՝ ձեր պարտքն է՝ եկեք ԱԺ և ձեր պարզաբանումները տվեք հանրությանը, բայց չեն գալիս այնտեղ, որտեղ պետք է ի պաշտոնե գան, հետո գալիս՝ ամբիոնից կանգնում ասում են, թե՝ եկեք խոսենք։ Ինչի՞ շուրջ ձեզ հետ խոսենք։ Մենք ասում ենք՝ եկեք ԱԺ, պարզաբանումներ տվեք, ձեզ հետ առանձին խոսելու թեմա չկա»։
Անդրադառնալով երեկ Փաշինյանի արած մեկ այլ հայտարարությանը, որը վերաբերում էր 3+3 ձևաչափով վաղը Մոսկվայում կայանալիք նախահանդիպմանը, որին պատրաստվում է մասնակցել Հայաստանը՝ ԱԳ նախարարության մակարդակով, Գրիգորյանը մեկնաբանեց, որ այդ ձևաչափը պաշտոնական Անկարան նախաձեռնել է 44-օրյա պատերազմից հետո.
«Պատերազմի և պարտության կուսակցության ղեկավարը, 3+3 ձևաչափին միանալով, հերթական զիջումն է անում։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիան իր նախապայմաններին ավելացրել է «Զանգեզուրի միջանցքը» ավելին՝ կան ազդակներ, որ Հայաստանում պլանավորում են Սահմանադրությունը փոխել Ցեղասպանության հարցով, մենք ի՞նչ ունենք քննարկելու այդ պահանջը առաջ տանող Թուրքիայի հետ։ Ես կարծում եմ՝ հերթական զիջումն է, իհարկե՝ կդժվարանամ ասել, թե որ պարտադրանքի արդյունքն է սա, բայց փաստ է այն, որ սա չի կարող բխել Հայաստանի շահերից»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում