«Ո՛չ, սահմանազատման համար Մոսկվայից խումբ չի եկել». Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին իրավիճակը սահմանին փոփոխության չի ենթարկվել։

«Իրադրությունը բխում է  այն հաղորդագրության բովանդակությունից, ինչի մասին տարածվել է։ Կխնդրեմ, ինչպես միշտ, հետևել պաշտոնական լրահոսին, հավատալ, վստահել և ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»,- նշեց Արման Սարգսյանը։

Հարցին՝ սահմանազատման ու սահմանագծման համար Հայաստան Մոսկվայից ադրբեջանցիների խումբ ժամանե՞լ է, Արման Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

«Մոսկվայից կարող են պարբերաբար տարբեր խմբեր գալ, իրենց խնդիրները քննարկել, դուք մի մոռացեք, որ մենք այստեղ ունենք ռազմաբազա։ Բայց Ձեր նշած սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- հավելեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է  սահմանային լարվածությանը, Արման Սարգսյանը պարզաբանեց՝ բնականաբար, բազմաթիվ չճշտված հարցեր կան։

«Անընդհատ փորձելու են այս ընթացքում, նաև օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը։  Ես փորձում եմ խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, դրանց դուք ինչ-որ որակումներ եք տալիս, բայց կխնդրեմ, որ դուք էլ հասկանաք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, սրանք նուրբ հարցեր են, ցանկալի կլինի բավարարվել պաշտոնական լրահոսով»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գերիների վերաբերյալ հայտարարությանը և հարցին՝ ՊՆ-ից նա ճշտումներ արե՞լ էր, որ նման բան էր հայտարարում, Արման Սարգսյանը պատասխանեց, թե դրա առնչությամբ Ալեն Սիմոնյանն արդեն հարցազրույց է տվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս