Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։
Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում, գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհավորանքները փոխանցեց Գերմանիայի ժողովրդին նոր վարչապետի ընտրության կապակցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին պատերազմի և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։
Դեսպան Ռիխտերը, իր հերթին, վստահեցրեց Հայոց Հովվապետին, որ կանի հնարավորը երկու երկրների առկա բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար։ Խոսելով Գերմանիայի հասարակական կյանքում հայ համայնքի ու եկեղեցու ներգրավվածության մասին՝ դեսպանն ընդգծեց, որ այն ևս իր նպաստն է բերում երկու երկրների փոխգործակցության զորացման գործում։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, պատմշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային տարբեր ատյանների կողմից տարվող աշխատանքներին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, պատմշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային տարբեր ատյանների կողմից տարվող աշխատանքներին։