ԱԺ-ն չընդունեց անձին հայհոյելն ապաքրեականացնելու օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 28 «կողմ», 57 «դեմ» ձայներ:
Նախորդ գումարման ԱԺ-ում իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ Քրեական օրենսգիրքը լրացվել էր 137.1 հոդվածով, որով քրեականացվել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքից հանել այդ հոդվածը՝ այսպիսով, ապաքրեականացնելով հայհոյանքը:
Քվեարկությունից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: «Խոսքի ազատությունը և հայհոյանքի ազատությունն իրար հետ ոչ մի աղերս չունեն: Հայհոյանքը և բռնության խոսքն ու մշակույթը հավասարապես անընդունելի են՝ անկախ նրանից, թե ում դեմ են ուղղված՝ ընդդիմության, թե իշխանության»,- ասաց Կոնջորյանը՝ վերահաստատելով իշխանության հանձնառությունը ՀՀ-ում ստեղծելու քաղաքական և հանրային այնպիսի մշակույթ, որտեղ առողջ դիսկուրսը գերակայելու է, և հայհոյանքի ազատությունը չի լինելու մշակույթի մաս:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ գովելի համարեց բռնության, ատելության վերացման կոչը, սակայն, կարծիք հայտնեց, թե իշխանությունն այդ վարքագծին չի հետևում: