Մոտավորապես 60 տոկոսը չի վստահում այս իշխանություններին. Նավասարդյան

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ասուլիսում ներկայացրեց արդի հիմնախնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային մեթոդով՝ նոյեմբերի 16-27-ն ընկած ժամանակահատվածում:

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հարցին՝ լիովին դրական պատասխանել է 9.5 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 28.6 տոկոսը, ավելի շուտ բացասական է գնահատել 14.9 տոկոսը, 31.3 տոկսը նշել է՝ ընդհանրապես բացասական: Եթե համեմատենք 2018թ. սեպտեմբերի հետ, այն ժամանակ 3.9 տոկոսը ասել էր, որ ավելի շուտ բացասական է, 2.4 տոկոսն էլ ասել էր, որ ընդհանրապես բացասական է:

«Որքանո՞վ եք վստահում Նիկոլ Փաշինյանին» հարցին 14.7 տոկոսը լիովին վստահում է, 24.9 տոկոսն ավելի շուտ վստահում է, 10.9 տոկոսն ավելի շուտ չի վստահում, և ընդհանրապես չեն վստահում 39.4 տոկոսը: Այս պատկերը գրեթե 12 անգամ տարբերվում է, քանի որ 2018թ. միայն 3.5 տոկոսը չի վստահել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցին, թե որքանո՞վ եք վստահում ներկայիս իշխանություններին, 7.8 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է, 21 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վստահում է, և ավելի շուտ չի վստահում 14.3 տոկոսը, և ընդհանրապես չի վստահում 46.2 տոկոսը:

«Այսինքն, մոտավորապես 60 տոկոսը չի վստահում այս իշխանություններին»,- նշեց բանախոսը:

««Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ՀՀ-ում այս պահին կան քաղբանտարկյալներ հարցին 45.4 տոկոսը նշել է, որ այո, 24.1 տոկոսը նշել է՝ ոչ: 31.6 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել:

Խնդրել ենք, եթե կան քաղբանտարկյալներ, ապա ասել, թե ովքե՞ր են. 65.2 տոկոսը նշել է՝ Առուշ Առուշանյան, Արմեն Չարչյան՝ 30.6 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Եվ եթե առաջիկա կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին՝ հարցին 28 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», 14.4 տոկոսը նշել է «Հայաստան դաշինք», «Պատիվ ունեմ»՝ 3.3 տոկոս, ԲՀԿ՝ 3.7 տոկոս, ՀԱԿ՝ 16 տոկոս, «Հանրապետություն»՝ 1.4 տոկոս, ԱԺԲ՝ 1.2 տոկոս և 5165 շարժում՝ 1 տոկոս: Այլ տարբերակ՝ նշել է 9.2 տոկոսը: 20 տոկոսը դժվարացել է պատասխանել: 17.9 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս