Բաժիններ՝

Աբխազիան Վրաստանին առաջարկել է պետական սահմանի սահմանազատման ընթացակարգ սկսել

Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների 55-րդ փուլի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին անցկացվել է Ժնեւում, աբխազական կողմը վրացական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել է Վրաստանի հետ պետական սահմանի սահմանագծման ընթացակարգ սկսել՝ հետագա սահմանազատմամբ: Այդ մասին հաղորդվում է Աբխազիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Նշվել է, որ սահմանների համաձայնեցման գործընթացը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել տեղերում եւ կարգավորել պետական սահմանը հատելու ընթացակարգը պաշտոնապես սահմանված անցակետերում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սուխումի ներկայացուցիչները նշել են, որ շարունակում են գրանցել Վրաստանի քաղաքացիների կողմից աբխազա-վրացական սահմանի հատման ռեժիմը խախտելու հետ կապված կանոնավոր փաստեր:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «աբխազական կողմը հերթական անգամ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ուղղակի աջակցությամբ Վրաստանի ռազմական ներուժի ուժեղացման կապակցությամբ»: «Առանձին ուշադրությամբ ընդգծվել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը, ամերիկյան ռազմանավերի կանոնավոր մուտքը Սեւ ծովի ջրատարածք, օտարերկրյա քաղաքացիների եւ ռազմանավերի կողմից Աբխազիայի Հանրապետության օդային տարածության մշտական խախտումը, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման հեռանկարները: Ընդգծվել է, որ լարվածության էսկալացման նմանօրինակ աճը լուրջ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Անդրկովկասի անվտանգության եւ կայունության շուրջ ժնեւյան միջազգային բանակցությունների հաջորդ՝ 56-րդ փուլը նշանակված է 2022 թվականի մարտի 29-30-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս