Բաքվում անցկացվելու է բողոքի ակցիա՝ կապված զինծառայողների սպանությունների հետ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացնելու Բաքվում գտնվող «Շատրվանների» հրապարակում՝ կապված ադրբեջանցի նորակոչիկ զինծառայող Ջեյհուն Գուբատովի սպանության հետ:
Նրանք Facebook սոցցանցի միջոցով ուղերձ են հղել, որում նշված է. «Մշտապես տեղեկատվություն է ստացվում զինվորների մահվան մասին: Դրանում մեղավորները չեն պատժվում: Եթե մենք այդ հանցագործություններին չասենք «ստոպ», ապա ոչ ոք չի ասի դա:
Մենք յուրաքանչյուր ադրբեջանցու, որին անտարբեր չէ տեղի ունեցածը, հրավիրում ենք մասնակցել ակցիային: Մենք քաղաքակիրթ ձևով կհայտնենք մեր բողոքը: Չպետք է մոռանալ, որ սա քաղաքական ակցիա չէ»:
Միևնույն ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան հայտարարել է, որ Գուբատովի սպանության մեջ մեղավորները պետք է շուտափույթ ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին ադրբեջանական բանակ զորակոչված Գուբատովը սպանվել է այս տարվա հունվարի 7-ին: Ադրբեջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել նրա մահվան կապակցությամբ: