Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են:
«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով»: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթգծային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով»: «Նաև կար ընկալում, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում են նրբերանգներ»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: