ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ
Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հրապարակումները ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։
Պատգամավորը պնդում է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։
«Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ պատգամավորի՝ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։