Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվեց 4 ոստիկանի ազատել ծառայությունից
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մասնակցում էին հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշեց դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։