Ալեն Սիմոնյանը խոստանում է՝ «պատասխանատվության կենթարկվեն գերի հանձնված բոլոր սպաներն ու զինվորները»

Տելեգրամյան ալիքներում տարածվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս խոսել է գերիների մասին՝ հայտարարելով, որ համարում է՝ «գերիներն այլևս չկան, իր համար չկան»:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ տեսանյութին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե գերիների հետ կապված հումանիտար հարցը միշտ բարձրաձայնել ու բարձրաձայնելու են: Ավելին՝ ականատես է եղել, որ գործընկերները նստում ու հետազոտում են, թե իր բանակցային գործընթացի ընթացքում որ հանդիպման ժամանակ ինչ հարց է բարձրացրել:

«Այն մարդիկ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել ու գերի են հանձնվել… տեսնում եմ հաճախ, որ Ֆեյսբուքով հերոս բառը բավականին արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, ինքը կանխակալ վերաբերմունք չի ձևավորում, այլ ասում է, որ ՀՀ օրենքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրեն, և այդ պատասխանտվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն, նախընտրել են հանձնվել:

«ՀՀ սահմանապահը կամ զորքը, որը կանգնած է և պահում է սահման, ինքնին «կրակելու» հրաման ունի: Այն հրամանատարը, որը նման հրաման չի տվել, նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանատվության: ՀՀ-ում չկա որևէ պաշտոնյա, որը օրենք խախտելու պարագայում չի ենթարկվելու պատասխանատվության: Չկրակելու որևէ հրաման չի եղել ու չի կարող լինել: Որևէ տեղ չկա, որ մեր զինվորները զենք չունենան: Երբ զինվորական երդում ես տալիս՝ հայրենիքդ պաշտպանել, հետո զենքդ վայր ես դնում, դա բոլոր երկրներում քրեորեն պատժելի է:

Ինչ վերաբերում է այդ տեսանյութին, ապա այն մոնտաժված է, խոսքը գնում է բանակցությունների մասին, և խոսքը գնում է տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ իր սխալն այն է, որ աջակից ներկայացող բազմաթիվ հայրենակիցների հարցերին պատասխանում է, այդպիսի մի հանդիպման ժամանակ էլ նկարահանվել է տարածված տեսանյութը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի ժամանակ հայկական կողմն ունեցել էր զոհեր, այդ թվում՝ անհետ կորածներ և գերավարվածներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս